Ոչինչ այնքան էժան և ոչինչ այնքան թանկ չի գնահատվել, ինչպես աղը: Այս սպիտակ բյուրեղանյութը մարդը որպես համեմունք օգտագործում է ավելի քան 8000 տարի: Աղին ծանոթ է այն ժամանակից, երբ իմացել է դրա միջոցով միսը փչանալուց պահպանելու մասին: Մթերքը սառույցի միջոցով պահպանող ժողովուրդները դարեր շարունակ ընդհանրապես ծանոթ չեն եղել աղին: Հնում մարդն աղը համարել է երկնային մանանա, սրբություն, այն գետնին թափողին մահից հետո տանջանքներ էին սպասում:
Աղը ամենայն պղծության փարատիչն էր. նորածին մանկան վրա աղ ցանելու սովորույթի մեջ հայերը «կնունք» և «հայացում» են տեսել: Աղով լվացվելով՝ ծննդաբերությանը մասնակցած կանայք «մաքրվել» են:
Աղը նաև զոհաբերվող կենդանու փարատիչն էր. զոհվելուց առաջ նա պետք է աղ վայելեր: Հեթանոսական այս սովորույթը փոխանցվել է քրիստոնեական եկեղեցուն: Իմացել են նաև աղի վնասակարության մասին, որ ծովագնացներին չի կարելի ծովի աղի ջուր խմել:
Ֆրանսիացի բժիշկ Ալեն Բոմբարը փորձնականորեն հաստատել է, որ ծովի աղի ջուրը կարելի է խմել միայն որոշակի քանակությամբ, օրական 1 լիտրից ոչ ավելի և միայն 7-8 օր: Երկար ժամանակ աղի ջուր օգտագործելիս առաջանում է երիկամների ծանր հիվանդություն, ինչի պատճառով օրգանիզմը 1 օրվա ընթացքում ջրազրկվում է 20-25 %-ով, և մարդը մահանում է: Բայց հնարավոր չէ նաև առանց աղի: Հովհաննես Թումանյանի պապի՝ Հովհաննես աղայի մասին համագյուղացի Սաքոն նկարագրել է հետևյալը. «Հասան խանի ժամանակ գյուղումս աղ չկար, ժողովուրդն առանց աղի կոտորվում էր։ Նա գնաց ուղտի բեռով աղ բերեց, ժողովրդին բաժանեց…»:
Աղի բացակայության դեպքում օրգանիզմում խախտվում է նյութափոխանակությունը: Չափավոր աղը լավացնում է կերակրի համը, կարգավորում է հյուսվածքներում ջրի պարունակությունը, ստամոքսում աղաթթվի գոյացման աղբյուր է:
Կոպենհագենում հետազոտման մասնակիցների աղի օգտագործումը, երբ շատ են պակասեցրել, քան խորհուրդ են տալիս բժիշկները, արյան մեջ խոլեստերինի մակարդակը 2,5 %-ով ավելացել է, օրգանիզմում որոշ հորմոնների փոփոխություններն ավելի են արագացել, ավելացել է սրտի վտանգ ներկայացնող որոշ քիմիական նյութերի թիվը: Սակայն մեծ քանակությամբ աղ օգտագործելիս դժվարանում է մարսողությունը, այն նպաստում է օրգանիզմում հեղուկի կուտակմանը, ինչի պատճառով մեծանում է շրջանառվող արյան քանակը, ծանրաբեռնվում սիրտը, ուժեղանում է անոթների կծկումը (սպազմ), բարձրանում է զարկերակային ճնշումը:
Աղի չարաշահման հետևանք են երիկամաքարային և լեղաքարային հիվանդությունները, հոդացավը: Օգտագործելով նատրիումի քլորիդով (կերակրի աղ) համեմված սնունդ՝ մարդը, չմտածելով դրա դանդաղ ներգործության մասին, աստիճանաբար այն դարձրել է օրաբաժնի անփոխարինելի բաղադրիչ և չի պատկերացնում կյանքն առանց դրա, չնայած հենց աղն է հիմնականում քայքայում նրա օրգանները: 25 գրամ աղն արդեն մահացու չափաքանակ է:
Գիտնականներն ապացուցել են, որ ինչքան քիչ են օգտագործում աղ, այնքան հազվադեպ են հիպերտոնիայով տառապում: Գվինեայի և Սողոմոնյան կղզիների բնակիչները, որոնք օգտագործում են կալիումով հարուստ սնունդ և շատ քիչ աղ, ընդհանրապես չգիտեն, թե ինչ է հիպերտոնիան, իսկ ափամերձ բնակավայրերում ապրող նույն ցեղերի ներկայացուցիչները, որոնք սննդի մեջ շատ են ծովի աղի ջրում եփած ձուկ օգտագործում, անոթային գերճնշում ունեն:
Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ստամոքսի քաղցկեղը տարածված է աշխարհագրական այն գոտիներում, որտեղ աղն օգտագործում են մեծ քանակությամբ: Քաղցկեղով հիվանդանալու վտանգը մեծանում է հատկապես պարբերաբար մեծ քանակությամբ աղ պարունակող պահածոյացրած մթերքներ, մարինադներ օգտագործելիս: Մեկ օրվա ընթացքում անհրաժեշտ է օգտագործել միայն 5 գրամ աղ: Իսկ հայտնի բժիշկ Բրեգի կարծիքով՝ մեկ օրում մարդը պետք է օգտագործի 0,5-1 գրամ աղ: Բրեգն աղը համարել է թույն, նշել, որ շատ ժողովուրդներ հարյուրավոր տարիներ ապրել են՝ չիմանալով աղի գոյության մասին:
Այսօր ամենաշատ աղ օգտագործող երկիրը Ճապոնիան է (մեկ շնչի հաշվով՝ օրական 40 գրամ): Եվ այս երկիրն առաջինն է արյան բարձր ճնշմամբ տառապողների թվով: Կաթվածներից ամենաբարձր մահացությունը Ճապոնիայի հյուսիսային կղզիների շրջանում է: ԱՄՆ-ում օգտագործում են օրական 20 գրամ աղ: Բնակչության 31 %-ը տառապում է ճարպակալմամբ: Այստեղ ամենից շատ մահանում են սրտանոթային հիվանդություններից: Վերջերս Նյու Յորքում հայտարարվեց պայքար աղի դեմ: Աղի օգտագործումն արգելվել է բոլոր ռեստորաններում և ճաշարաններում, սեղաններից հեռացվել են բոլոր աղամանները, ինչպես մի քանի տարի առաջ՝ մոխրամանները:
Օրական 15 գրամ աղ օգտագործողը մեկ տարում ուտում է 5 կիլոգրամից ավելի աղ: Յուրաքանչյուր 5-րդը տառապում է ավելորդ քաշից, որը հանգեցնում է սրտի կամ ուղեղի կաթվածի: Այն, որ աղը խթանում է ախորժակը, դեռ ամեն ինչ չէ: Ավելորդ աղը, կուտակվելով օրգանիզմում, քայքայում է բջիջները: Երիկամներն ընդունակ են օրգանիզմից դուրս բերելու ընդամենը 25 գրամից ոչ ավելի աղ, չպետք է մոռանալ, որ արդեն աղով համեմված կերակուրը կրկին համեմվելու կարիք չունի: Մսի, մսամթերքի, պանրի, թթուների, պահածոների մեջ նույնպես աղ կա, հաճախ մեծ քանակությամբ, ուստի աղի չափաբաժինը վերահսկելն ուղղակի դառնում է անհնարին: Վերջերս խանութներում հայտնվել են թանկարժեք աղեր: Հայտարարություններն այն մասին, թե քարաղը կամ ծովաղը ավելի բնական են և կարևոր նյութեր են պարունակում, պարզապես գնորդին հիմարացնելու միջոց են: Սովորական աղի և թանկարժեք աղի միջև ոչ մի տարբերություն չկա, դրանք բոլորն էլ 100 %-ով բաղկացած են նատրիումի քլորիդից և միատեսակ են վնասում առողջությանը: Աղի քանակը մինչև 1,15 գրամ պակասեցնելուց հետո հնարավոր է ազատվել հիպերտոնիայից, իսկ 25-35 %-ով պակասեցնելու դեպքում 20 %-ով՝ նվազում է սրտանոթային հիվանդությունների զարգացման և 20 %-ով կաթվածից մահանալու վտանգը:
Հրապարակման պատրաստեց
Լևոն ՂԱԶԱՐՅԱՆԸ